Երևանի բնակչուհին սեռական շահագործման է ենթարկել 2 կնոջ. նա տնային կալանքի տակ է

Բաժանորդագրվել

Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի բնակչուհին սեռական շահագործման է ենթարկել 2 կնոջ` ֆինանսական կախվածություն ստեղծելով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մասնավորապես` Ս.Դ.-ն, 2 տուժողներին շուկայականից մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով կենցաղային ապրանքներ ու հագուստ վաճառելով, որպես նոր պարտք հաշվարկելով նաև ցուրտ եղանակից իբր պատսպարվելու միջոց ծառայող ավտոմեքենայի օրավարձի, ինչպես նաև ձեռք բերված նոր ավտոմեքենայի գումարները՝ խորացրել է նրանց ֆինանսական կախվածությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Չնայած կանայք Ս.Դ.–ին օրական տալիս էին գումարներ՝ նրանց պարտքերը ավելացել են` մի դեպքում 9 մլն դրամից հասնելով ավելի քան 12 մլն դրամի, մյուս դեպքում` 3 մլն–ից հասնելով ավելի քան 15 մլն դրամի։

Կոմիտեցի նշում են, որ Ս.Դ.-ն, երկու կանանց պահելով մշտական հսկողության տակ, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պարտադրել է նրանց մինչև ուշ գիշեր կամ հաջորդ օրվա առավոտ մնալ դրսում՝ իր սահմանած գումարները վաստակելու և իրեն փոխանցելու նպատակով։

Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո:

Ս.Դ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը) (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Leave a comment