Հրաբխի հետևանքով Ինդոնեզիայի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են կասեցվել

Հրաբխի ժայթքումը հանգեցրել է Ինդոնեզիայի գլխավոր միջազգային օդանավակայանում հարյուրավոր չվերթների կասեցմանը: Տասնյակ հազարավոր ուղևորներ արգելափակվել են Ջակարտայի Սուկարնո-Հատտա օդանավակայանում:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ կիրակի առավոտյան օդանավակայանի մոտակա օդային տարածքում Անակ-Կրակատաու հրաբխից մոխիր հայտնաբերվելուց հետո հետաձգվել կամ կասեցվել է 209 չվերթ:

Յավա և Սումատրա կղզիների միջև՝ Զոնդյան նեղուցում գտնվող հրաբուխը սկսել է ժայթքել ուրբաթ ուշ երեկոյան՝ առաջացնելով անընդհատ սեյսմիկ ակտիվություն և արտանետելով լավայի շատրվաններ։ Իշխանությունների տվյալներով՝ կիրակի վաղ առավոտյան տեղի է ունեցել ևս երկու ժայթքում։

Օդանավակայանը ժամանակավորապես չի գործում, ինչը այսպես թե այնպես ազդել է ավելի քան 22 հազար մարդու վրա:

Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ թռիչքների կասեցումը հիմնականում ազդել է դեպի Սինգապուր և Սինգապուրից իրականացվող չվերթների, ինչպես նաև միջազգային այլ երթուղիների վրա, ներառյալ՝ Դոհան, Սիդնեյը և Կուալա Լումպուրը:

Իշխանությունները հաստատել են, որ հրաբխի վերջին ակտիվության հետ կապված ցունամիի սպառնալիք չկա:

Leave a comment