Բյուրեղավանում կրկին աղիքային վարակ է․ ՀՎԿԱԿ-ը հորդորել է բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել

Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով, նախնական տվյալներով, 6 քաղաքացի է դիմել բժշկական օգնության։ Նրանցից երեքը բուժօգնություն է ստացել ինֆեկցիոն բաժանմունքում, իսկ մյուսներին ամբուլատոր բժշկական օգնություն է ցուցաբերվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես ծորակի ջրից չօգտվել:

«Հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուր խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ, լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։

«ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ այսօր կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են գրանցվում ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ: Նախորդ դեպքերը գրանցվել են ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին:

Leave a comment