Ադրբեջանը Շուշիում վերացրել է պատմական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում մշակութային վանդալիզմի հերթական գործողությունն են իրականացրել՝ ամբողջությամբ ավերելով քաղաքի պատմական Հին հայ-ռուսական գերեզմանոցը։ Այդ մասին փաստագրված տեղեկություններ է հրապարակել Caucasus Heritage Watch-ը (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

CHW միջազգային մոնիթորինգային կազմակերպության ուսումնասիրած արբանյակային պատկերները ցույց են տվել, որ պատմամշակութային տարածքն ամբողջությամբ վերացվել է 2026 թվականի մայիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Panorama.am-ը:

Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի ու անձրևաջրերի մաքրման կայանի կառուցման պատրվակով։ Գերեզմանոցում պահպանվել է 1810–1871 թվականներով թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այնտեղ ամփոփված են եղել 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների ու ռուս զինվորականների աճյունները։ Նրանց շարքում են եղել 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, որը 1826 թվականին մասնակցել է Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, որի տապանաքարի վրա եղել է լատիներեն արձանագրություն։

19-րդ դարի հուշաքարերից բացի՝ գերեզմանոցի տարածքում պահպանվել են նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն վկայել են, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մասն է հանդիսացել։

CHW-ն արձանագրել է, որ հոգևոր-պատմական այդ տարածքը դիմակայել է բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության պայմաններում, ամբողջությամբ ոչնչացվել է։

Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքի վերացման հերթական փաստագրված դեպքն է։

Leave a comment