Արտաքին վեկտորի կտրուկ շրջադարձ․ ի՞նչ հետևանքներ է ունենալու ԵՄ անդամակցության հայտը Հայաստանի համար

Արտաքին քաղաքականությունում հստակ ռազմավարություն և հաշվարկված քայլեր ունենալու փոխարեն՝ գործող իշխանությունը շարունակում է առաջնորդվել իրավիճակային իմպրովիզացիաներով, որոնք լուրջ սպառնալիքներ են ստեղծում պետության տնտեսական ու անվտանգային համակարգերի համար։ 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Եվրոպական Միությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու պատրաստակամության մասին, արտաքին վեկտորի հերթական անհեռատես շրջադարձն է։

Եվրոպական կառույցների հետ մերձեցումը ներկայացվում է որպես ազգային անվտանգության ապահովման միակ միջոց, մինչդեռ իրականությունն այն է, որ Բրյուսելում շատ լավ հասկանում են գործընթացի բարդությունը։ Եվրոհանձնաժողովի հայտարարություններում, թեև ընդգծվում է Հայաստանի հետ հարաբերությունների մոտեցումը, միաժամանակ հստակ հիշեցվում է, որ ԵՄ անդամակցությունը տարիների, եթե չասենք տասնամյակների աշխատանք, չափանիշների համապատասխանեցում և լուրջ բարեփոխումներ է պահանջում։

Այս պայմաններում արտաքին կողմնորոշման շտապողականությունը միայն խորացնում է առկա ճգնաժամը ավանդական գործընկերների հետ։ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում արդեն իսկ տուժում է տեղական արտադրողը․ ամիսներ շարունակ հայկական գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա խոչընդոտվում է, իսկ տնտեսական այլընտրանքներ առաջարկելու փոխարեն իշխանությունը բավարարվում է քաղաքական հայտարարություններով։ ԵԱՏՄ գործընկերների կողմից վերջնագրային պահանջները և ռուսական շուկայի փաստացի կորուստը ցույց են տալիս, որ քաղաքական հաշվարկների բացակայությունը վճարվում է տնտեսության ու քաղաքացիների հաշվին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment