Ի՞նչ կփոխվի վարորդական իրավունք ստանալիս․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված դպրոցներ՝ ի՞նչ է պետք իմանալ

MediaHub-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններում փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես՝ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։

D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։

Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։

Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։

Սակայն դեռ գարնան ամիսներից նշվում էր, որ հնարավոր է՝ փոխվի վարորդական իրավունքի ստացման կարգը, և վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դառնա պարտադիր։

ՆԳՆ-ից MediaHub-ին տեղեկացրին, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։ Այսպիսով, կրթությունը վարորդական իրավունք ստանալու գործընթացում կդառնա առաջին պարտադիր քայլը։

Նախատեսվում է նաև վարորդների պատրաստման գործընթացում լիցենզավորման համակարգի ներդրում։ Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Սակայն MediaHub-ին ՆԳՆ-ից նշեցին, որ սա դեռ քննարկման փուլում է։

Նշվում էր նաև, որ ավագ դասարանների աշակերտների համար կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում աշակերտները կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշաններն ու գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոնները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կստանան վարորդական գործնական հմտություններ։

MediaHub-ի տեղեկություններով՝ այժմ ՆԳՆ կրթահամալիրում կրթություն են ստանում այն ուսուցիչները, ովքեր ավագ դպրոցներում վարելու են երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակները։

Մարիաննա Արամյան

Leave a comment