Ինչո՞ւ է անհնար «մեկ հպումով» վերաբաշխել Հայաստանի տնտեսական շուկաները

Հայաստանի տնտեսությունը չի կարող պարզապես վերցնել և մեկ համակարգից անցնել մեկ այլ համակարգի կամ համակարգերի։ Համոզված է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Ինչո՞ւ․ որովհետև հիմնական կապերը, արտադրական, տեխնոլոգիական շղթաները, արժեշղթաները, այսպես ասած՝ մատակարարումների համակարգերը, կապակցված են Եվրասիական տնտեսական փոխանակման օրակարգին։ Խնդիրը սա է։ Եթե խոսում ենք Եվրոպական միության երկրների, Մերձավոր ու Միջին Արևելքի շուկաների մասին որպես այլընտրանք, ապա, իհարկե, դրանք չեն կարող կարճ և միջնաժամկետ հատվածում լինել լիարժեք այլընտրանք, նույնիսկ եթե մենք այսօր փորձում ենք խուսանավել պատժամիջոցներից և դիտարկել մյուս ուղղությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ որևէ երկրի տնտեսություն մրցունակ և կենսունակ է, եթե դիվերսիֆիկացված են արտաքին տնտեսական կապերը, հարաբերությունները, առևտուրը, տեխնոլոգիաների փոխանցումը, կապիտալի ու ֆինանսական հոսքերի տարբեր բաղադրիչներով համագործակցության ձևաչափերը։

«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց տվյալ իրավիճակում, եթե խոսում ենք Հայաստանի տնտեսության մասին որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի, իհարկե, այդ հարաբերությունները սիմետրիկ չեն, այնպիսին չեն, ինչպես նկարագրեցի»,- ավելացնում է Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում, այո՛, կարող են ձևավորվել այլ շուկաներ արտահանելու օրակարգեր, բայց հիմա դրա ճիշտ ժամանակը չէ։

Ատոմ Մարգարյանը հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել հիմնական էներգակիրների խնդրին․ «Մեկ հպումով վերցնել և վերաբաշխել շուկաները՝ դա պարզապես անհնար է։ Ինչո՞ւ․ որովհետև մենք այնտեղ բախվում ենք առաջին հերթին ենթակառուցվածքային խնդիրներին, եթե նայում ենք գազամատակարարման համակարգերին, էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտահանման համակարգերին, վառելիքի՝ հատկապես միջուկային վառելիքի ներկրման համակարգերին և այլն։ Ես տարրական բաներ եմ ասում, որոնք, կարծես թե, քաղաքական հարթությունում, քաղաքական գործիչների բառապաշարում և շատ ու շատ փորձագիտական շրջանակներում անտեսվում են․ դրանք դիտարկում են որպես ապրիորի տրված իրողություն»։

Տնտեսագետը չի բացառում, որ եթե վեկտորի փոփոխություն տեղի ունենա, ապա կարող է տեղի ունենալ էներգակիրների, գազի, միջուկային վառելիքի, ինչպես նաև հացահատիկի գների բարձրացում։

«Նստել ոչ թե այս ինքնաթիռը, այլ մյուսը և բռնել հակառակ ուղղությունը՝ այդպես տրիվիալ ու պարզունակ չէ, ինչպես սովորաբար մատուցվում է»,- եզրափակեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Leave a comment