Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են ԱԲ–ով ստեղծված դեղամիջոցը

Բաժանորդագրվել

Մշակողների տվյալներով՝ դեղամիջոցի որոնման սկզբից մինչև կլինիկական փորձարկումների ավարտն տևել է մոտ երեքուկես տարի։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունները հաստատել են COVID-19-ի դեմ նորարարական դեղամիջոցի ելքը շուկա, դեղամիջոցի մշակման ընթացքում օգտագործվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնել են Սիխու համալսարանում (ՉԺՀ)։

Բուհի հայտարարության մեջ նշվում է, որ սա Չինաստանում արհեստական բանականության օգնությամբ մշակված առաջին նորարարական դեղամիջոցն է։

Նշվում է, որ Mprosevir դեղամիջոցը մշակել են Սիխու համալսարանի և բուհի հետ կապված գիտական ու դեղագործական կազմակերպությունների մասնագետները։ Այն նախատեսված է COVID-19-ի թեթև և միջին ձևերն ունեցող պացիենտների բուժման համար։ Դեղամիջոցի ազդող նյութը 3CLpro վիրուսային ֆերմենտի ինհիբիտորն է, որը SARS-CoV-2-ին անհրաժեշտ է բազմացման համար։

Ազդող նյութի որոնման ընթացքում հետազոտողները կիրառել են միացությունների ԴՆԹ-կոդավորված գրադարանի (DEL) տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հնարավոր դեղորայքային մոլեկուլների մասսայական սքրինինգ իրականացնել: Օգտագործված գրադարանը պարունակում էր շուրջ 49 միլիարդ միացություն։

DEL տեխնոլոգիայի օգնությամբ հետազոտողներն առանձնացրել են ավելի քան 100 հեռանկարային թեկնածուներ, ապա կիրառել են արհեստական բանականության մոդելները դրանց ընտրության համար: Այնուհետև թիմը միավորել է լաբորատոր փորձարկումների արդյունքները ԱԲ-ի հնարավորությունների հետ՝ մոլեկուլի օպտիմալացման և ամենահեռանկարային միացության ընտրության համար։

Leave a comment