Բաքվի բանտերում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դաժան խոշտանգումներին, Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմանն ու միջազգային հանրության լռությանն է անդրադարձել վերլուծաբան Ալեն Ղուլյանը։
Մեկնաբանելով ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի ներկայացրած փաստերը՝ ադրբեջանական բանտերում հայ գերիների մաշկից խաչի տատուները այրելու, Աստվածաշունչն արգելելու և Ղուրան կարդալ ստիպելու մասին, Ալեն Ղուլյանը ներկայացրել է իր դիտարկումները․
«Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց Բաքվի բանտերում կրոնական հողի վրա հայ գերիների խոշտանգումների մասին, թե ինչպես են խոշտանգումների և այրման միջոցով հայ գերիների մաշկից հեռացրել խաչի տեսքով տատուները, որ արգելում են Աստվածաշունչը և ստիպում Ղուրան կարդալ…
Ոչ ոքի համար նորություն չէ, որ Արցախում հայերին սպանել ու էթնիկ զտման են ենթարկել ոչ միայն տարածքների, այլև նրանց ազգային ու կրոնական պատկանելության համար։ Ղարաբաղյան պատերազմները վերապրածների համար այն, ինչ այսօր կատարվում է հայ գերիների հետ, ամենևին նորություն չէ։ Նույնն է տեղի ունեցել ամբողջ հակամարտության ընթացքում՝ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերից մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմ, 2016 թվականի ապրիլյան մարտեր, 2020 թվականի պատերազմ և 2023 թվականի էթնիկ զտումներ…
Եվ այս ամբողջ ընթացքում քրիստոնեական աշխարհը նախընտրեց լռել.. Ոչ պաշտպանություն, ոչ միջամտություն, ոչ քրիստոնյաների հետապնդումը դադարեցնելու պահանջ… Օկուպացված Արցախում ադրբեջանական ռեժիմի կողմից ոչնչացվել են եկեղեցիներ, տաճարներ, հարյուրավոր քրիստոնեական խաչքարեր ու սրբավայրեր, և ոչ մի պատշաճ դատապարտում ու պատասխանատվության ենթարկելու կոչ։
Լռում է նաև Վատիկանը… Իսկ ինչո՞ւ Հռոմի Պապը որևէ բան դատապարտի կամ պահանջի։ «Հեյդար Ալիևի հիմնադրամի» միջոցով Իլհամի ընտանիքը 2009 թվականից ֆինանսավորում է նախագծեր Վատիկանում՝ քրիստոնեական կատակոմբների և Վատիկանի թանգարանների օբյեկտների վերականգնումից մինչև Առաքելական գրադարան և Սուրբ Պողոսի բազիլիկ։ Բոլոր պայմանագրերի ընդհանուր հստակ գումարը պաշտոնապես ամբողջությամբ չի բացահայտվում, բայց խոսքը միլիոնավոր եվրոների մասին է… Իսկ 2020 թվականին Մեհրիբանը Սուրբ Աթոռից ստացավ պապական ասպետական բարձրագույն շքանշանը՝ «Պիոս IX օրդենի Մեծ խաչը»..
Իլհամն, ինչպես միշտ, իր ռեպերտուարում է… Արցախում ոչնչացնում է եկեղեցիները, իսկ հանցագործության վայրից դուրս ֆինանսավորում է քրիստոնեական սրբավայրերի վերականգնումն ու իրեն ձևացնում «քրիստոնեական ժառանգության պաշտպան»…
Մտաբերում ես Մուսա լեռը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Երբ Մուսա լեռան էտեքում գտնվող մի քանի գյուղերի հայեր, անխուսափելի կործանումից փրկվելու համար, պարզեցին երկու դրոշ՝ մեկը մեծ կարմիր խաչով, մյուսը՝ անգլերեն «Christians in distress: rescue» («Քրիստոնյաները նեղության մեջ են․ փրկեք») գրությամբ, ինչից հետո շուրջ 4000 մարդ փրկվեց ֆրանսիական և բրիտանական նավերի կողմից…
Հիմա՝ տեխնոլոգիաների, ինտերնետի և ակնթարթային կապի դարում, պետք չէ ոչ դրոշներ կախել բարձր ժայռերին, ոչ էլ ափից ազդանշաններ տալ։ Ամբողջ աշխարհը գիտեր, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, բայց ոչ ոք այդպես էլ չուղարկեց «իր նավերը», չդատապարտեց այս հանցագործությունները, չպահանջեց միջազգային տրիբունալ և քրիստոնյաների հետապնդման համար պատասխանատվության ենթարկում.. Մուսա լեռան հրաշքը ղարաբաղյան լեռներում այդպես էլ չկրկնվեց։ Ոչ մի «քրիստոնեական նավ» մինչև ղարաբաղյան լեռնաշղթաներ այդպես էլ «չհասավ».. Սպասեցինք միայն խորին ցավակցության մասին հերթապահ ֆրազների…
Ինչն է ամենանվաստացուցիչը… քրիստոնյա Հայաստանի, այսպես կոչված, իշխանություններն ինքնակամ հրաժարվեցին Արցախից և դարձան Իլհամի հանցագործությունների հանցակիցը։ Այնտեղ այսօր էլ ոչնչացնում են մեր քրիստոնեական սրբությունները, ջնջում, վերագրում ու կեղծում են քրիստոնյա Արցախի պատմությունը… Մեկ անգամ բերան բացե՞լ են։ Մեկ անգամ պահանջե՞լ են կանգնեցնել մեր եկեղեցիների ոչնչացումը։ Դիմե՞լ են միջազգային ատյաններին, պահանջե՞լ են քննություն, հայտարարե՞լ են փնտրտուք նրանց նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ սպանել են հայ քրիստոնյաներին ու ոչնչացրել եկեղեցիները։ Եվ դեռ մի բան էլ ներում շնորհեցին սիրիացի ահաբեկիչներին, որոնց Ադրբեջանը փողով բերել էր Արցախ՝ քրիստոնյաներ սպանելու համար»։