Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները

Քաղաքականություն

04.09.2026 | 20:14

Սեպտեմբերի 4-ին Չեխիայում ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն ու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։

«Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment