Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով․ փաստաբանը որոշումը բողոքարկելու է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի ժամկետը երկարացվել է․ նա առաջիկա երկու ամիսները ևս անցկացնելու է անազատության մեջ։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս որոշման մասին հայտնեց նրա շահերը պաշտպանող փաստաբան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ դատարանն անտեսել է իրավական հիմնավորումներն ու առաջնորդվել ենթադրություններով։

«Ցավոք, կրկին անգամ ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի։ Ներկայացված փաստարկները ծանրակշիռ չեն, կանխատեսական դատողություններ են։ Դատարան ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանն ազատության մեջ մնալով՝ կարող է խանգարել գործի քննությանը։ Դրանք մերկապարանոց հայտարարություններ են»,- ընդգծեց Խաչատրյանը։

Պաշտպանը նաև շեշտեց, որ Ծառուկյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկար։ Նա հավելեց, որ դատարանի այս որոշումը անպայման բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարը կալանավորվել էր հուլիսի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախության և փողերի լվացման հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment