ՀՀ-ն դիմել է 3-րդ երկրի հայ գերիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով

Հանրությանը հասանելի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը դիմել է երրորդ երկրի՝ Բաքվում գտնվող իր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու նպատակով, միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ այդ երկրի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է արդյոք Ադրբեջանին, հայտարարել է Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցն այս հարցը բարձրացրել է նաև գրավոր ձևաչափով։

Սահակյանի փոխանցմամբ՝ ակնկալվում էր, որ պատասխանն արդեն օգոստոսի վերջին կլինի, սակայն մինչ այժմ այն չի ստացվել, հայտնում է Factor.am-ը:

«Մենք չունենք որևէ պաշտոնական պատասխան, որ Հայաստանի Հանրապետությունը երրորդ երկրի թեկնածությունը առաջարկել է Ադրբեջանի իշխանություններին։ Դա ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել է:

Հստակ ժամկետներ մեզ չեն նշվել, թե երբ հարցը քննարկման կենթարկվի բոլոր շահագրգիռ կառույցների հետ, սակայն մենք ակնկալիքներ ենք ձևավորել, որ հարցի մարդասիրական բնույթը հաշվի առնելով պատասխանը կլինի ամենասեղմ ժամկետներում»,- ասել է նա։

Սահակյանը նշել է, որ հանդիպումից հետո քննարկված հարցերը ներկայացվել են նաև գրավոր, և այժմ պատասխանի են սպասում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված առավելագույն՝ 30-օրյա ժամկետում։

Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծել է, որ բարձրացված հարցերից մեկը գտնվում է բացառապես Հայաստանի իշխանությունների իրավասության ներքո։

«Հայաստանի Հանրապետությունը ցանկանո՞ւմ է աջակցել մարդասիրական առաքելությանը՝ այո՛ կամ ոչ. սա բացառապես կախված է Հայաստանի իշխանություններից»,- նշել է նա։

Սահակյանի խոսքով՝ գործընթացը ենթադրում է, որ Հայաստանը պետք է երրորդ երկրի թեկնածությունն առաջարկի Ադրբեջանի իշխանություններին, որից հետո կողմերը քննարկեն փոխադարձաբար ընդունելի տարբերակը։ Համաձայնության դեպքում տվյալ պետության ներկայացուցիչները Հայաստանի անունից կարող են հյուպատոսական այցելություններ իրականացնել Բաքվում պահվող հայերի մոտ։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment