Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի և «Սիրիուս» դաշնային տարածքի վրա։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում, քաղաքի երկինքը պատվել է սև ծխով, իսկ օդանավակայանը մի քանի ժամով սահմանափակել է աշխատանքը։ Մոնիթորինգային ալիքները հայտնել են նաև Ստերլիտամակի նավթաբազայի վրա հարձակման մասին։
Սոչիի վրա հարձակումը հետ մղելու մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտարարել է, որ զոհերից հաջողվել է խուսափել։ Մոնիթորինգային ալիքները գրում են, որ քաղաքում հարձակման է ենթարկվել «Լուկօյլ»-ի կամ «Ռոսնեֆտ»-ի նավթաբազան։
Ինչպես հայտնում է Astra-ն, Ադլերի շրջանում հրդեհ է բռնկվել «Ռոսնեֆտ-Կուբաննեֆտեպրոդուկտ» նավթաբազայում, իսկ «Սիրիուս» դաշնային տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհվել է «Լուկօյլ-Յուժնեֆտեպրոդուկտ»-ը։
Օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ վնասվել են նաև մի քանի բնակելի տների և շենքերի ապակեպատ հատվածներ։
Astra-ի տվյալներով՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Աբխազիայի հետ սահմանին՝ Պսոու գետի մոտ գտնվող Սիրիուս ավանի շրջանում։ Նշվում է, որ այնտեղ տեղակայված է C-300 կամ C-400 զենիթահրթիռային համալիր։
Տեղական իշխանությունները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՀՕՊ համակարգի վրա հարձակման մասին չեն հայտնել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր որսացել և ոչնչացրել է ուկրաինական 490 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ները հարձակվել են նաև Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա։
Ուֆայի օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է չվերթները։ Exilenova+ ալիքը հայտնել է, որ հարձակման թիրախը Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն է եղել, իսկ Supernova+–ը՝ «Ավանգարդ» պաշտպանական նշանակության ձեռնարկությունը։ Տեղական իշխանությունները հարձակման մասին տեղեկությունը չեն հաստատել։