Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիին և «Սիրիուսին»․ հրդեհ է բռնկվել C-300/C-400 զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ տեղակայման շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.09.2026 | 10:53

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի և «Սիրիուս» դաշնային տարածքի վրա։ Հարվածների հետևանքով նավթաբազայում հրդեհ է բռնկվել, իսկ քաղաքի երկինքը պատվել է սև ծխով։ Օդանավակայանը մի քանի ժամով սահմանափակել է աշխատանքը։ Տելեգրամ ալիքները հայտնել են նաև Ստերլիտամակ քաղաքում նավթաբազայի վրա հարձակման մասին, գրում է  Current time-ը։

Սոչիի վրա հարձակումը հետ մղելու մասին  հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտարարել է, որ զոհերից հաջողվել է խուսափել։

Հաղորդվում է նաև, որ քաղաքում հարձակման է ենթարկվել «Լուկօյլ»-ի նավթաբազան։ Astra-ն գրում է, որ խոսքը «Լուկօյլ-Յուգնեֆտեպրոդուկտ» նավթաբազայի մասին է։ Քաղաքի երկինքը պատվել է սև ծխով, ինչը երևում է ականատեսների հրապարակած լուսանկարներում։ Օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ վնասվել են նաև մի քանի բնակելի տների և շենքերի ապակեպատ հատվածները։

Astra-ի տվյալներով՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Աբխազիայի հետ սահմանին՝ Պսոու գետի մոտ գտնվող Սիրիուս ավանի շրջանում։ Նշվում է, որ այնտեղ տեղակայված է C-300 կամ C-400 զենիթահրթիռային համալիր։ Տեղական իշխանությունները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՀՕՊ համակարգի վրա հարձակման մասին չեն հայտնել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր որսացել և ոչնչացրել է ուկրաինական 490 անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ները հարձակվել են նաև Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա։ Ուֆայի օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է չվերթները։ Exilenova+ ալիքը հայտնել է, որ հարձակման թիրախը Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն է եղել, իսկ Supernova+–ը՝ «Ավանգարդ» պաշտպանական նշանակության ձեռնարկությունը։ Տեղական իշխանությունները հարձակման մասին տեղեկությունը չեն հաստատել։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

Leave a comment