Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է իշխանության վարած արտաքին քաղաքականության, Թուրքիայի և ռուսական ռազմաբազայի թեմաների շուրջ իր դիրքորոշումների մասին։ Նա նշել է, որ Ռուբեն Ռուբինյանին ուղղված թուրքերի տեսնելու մասին իր հարցը բխել է հանրային քննարկումներից, իսկ ռուսական ռազմաբազայի հարցում ընդգծել է դրա զսպող դերակատարությունը։  

Ի պատասխան հարցին, թե ինչու էր Ազգային ժողովում հարց բարձրացրել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայում կրթություն ստանալու և թուրքերի տեսնելու վերաբերյալ, Գառնիկ Դավթյանը պարզաբանեց, որ դա բխում էր հանրային մտահոգություններից։

«Եկեք անկեղծ զրուցենք։ Ես նախ առաջին հերթին ինչո՞ւ եմ հարցը տվել պարոն Ռուբեն Ռուբինյանին, որովհետև հասարակության մոտ, սոցիալական ցանցերում, անգամ իմ շրջապատում քննարկում կար՝ ի՞նչ է սովորել այնտեղ, ի՞նչ նպատակով, արդյո՞ք վտանգներ չենք տեսնում։ Ես իմ բոլոր հարցազրույցներում, առհասարակ վերջին երկու տարում, շատ հաճախ օրինակներ եմ բերել, որ գնացել եմ կոնֆերանսների։ Իմ մասնակցությունը իրենց չի ենթադրել հողերի հանձնում, պատերազմի պարտություն, Հայաստանի Հանրապետության այսօրվա կարգավիճակի նվազեցում միջազգային հարթակներում, այսինքն՝ ըստ էության, իմ մասնակցությունը ծանր հետևանքներ չէր առաջացրել։ Իմ հարցի մեջ եղել է միայն քաղաքական»։

Դավթյանը հերքեց, որ Թուրքիայի հանդեպ իր մոտեցումներում առկա է թուրքաֆոբիա՝ նշելով, որ ատելությունը բերում է լուրջ մարտահրավերների։ Նրա կարծիքով, խնդիրն իշխանության քաղաքականության անհետևողականությունն է։

«18 թվականին տրված խոստումները և, օրինակ, 20-23 թվականներից ռադիկալ փոխվելը քաղաքական մտքի և այն մոտեցումները, որոնք կային մեր, օրինակ, պատմական լեռ Արարատի նկատմամբ, սա մարդկանց մոտ դեսոնանս է առաջացնում, հարցեր է բարձրացնում։ Այդ ո՞նց է, որ դուք 18 թվին խոսում էիք ժողովրդի հետ հաշվի նստելուց, ժողովրդին համածառայելուց, և հանկարծ մի քանի տարի անց 180 աստիճանով փոխվում են այն մոտեցումները, որոնք կային»։

Անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը՝ Գառնիկ Դավթյանը հայտարարեց, որ կողմ է այսօրվա իրողություններին, քանի որ բազայի ներկայությունը Հայաստանի անվտանգային շահերից է բխում։

«Քաղաքականությունը, ի տարբերություն ռազմական գիտությունների, ունի զսպող օղակ, որովհետև անպայման չէ ռազմաբազա լինի, որ հենց հաջորդ օրը կրակի։ Որպես քաղաքական զսպվածության և տվյալ պետության ռեգիոնում դերի կարևորության ընդգծման մասին է սա։ Եվ բնականաբար, հարևան պետությունները իրենց մեջ ունեն պատկերացում, որ եթե լինի կոնկրետ ռազմական գործողություն Հայաստանի սուվերեն տարածքների վրա, ապա դա կբերի գլոբալ բախման։ 

Մարդկային ռեսուրսը արդյո՞ք ունակ է այդ ամբողջ արևմտյան սահմանը Թուրքիայի հետ, պաշտպանել և այնտեղ ունենանք հնարավորինս պաշտպանական գծեր։ Ռեսուրսային առումով, ֆիզիկական մարդու գոյության առումով չենք կարող։ Ես կողմ եմ այսօրվա իրականությանը։ Ես կարծում եմ, որ այսօրվա իրականությունը, քանի կա Ռուսաստանի ռազմաբազայի կարևորությունը ռեգիոնում և ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, տալիս է կոնկրետ երաշխիքներ, կոնկրետ հնարավորություններ։ Ես կարծում եմ, որ այսօրվա իրականությունը բխում է Հայաստանի Հանրապետության առաջին հերթին անվտանգային շահերից»։

Հարցին, թե ինչու ռազմաբազան չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի հարձակումներից, Դավթյանը պատասխանեց, որ խնդիրը ոչ թե բազայի, այլ իշխանության գործողությունների մեջ է։

«Նիկոլ Փաշինյանի դիմումը եղել է ՀԱՊԿ-ի շրջանակում, չի եղել անհատապես Ռուսաստանի Դաշնության ռազմական օգնության տեղակայման։ Երբ որ յուրաքանչյուր պետություն, երբ որ չգիտի իր սահմանը որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, հատկապես այդ լուրջ և ծանր ժամանակահատվածում, դրանից օգտվում են և՛ քո թշնամիները, և՛ այն պետությունները, որոնք որ կարող են օգտվել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

Leave a comment