Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

Քաղաքականություն

03.09.2026 | 15:35

Իրանի բանակը հինգշաբթի հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր հարվածներ հասցնելու սպառնալիքներին, գրում է France 24-ը։

«Այս առավոտ բանակը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում գտնվող Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայում  ԱՄՆ բանակի արբանյակային կապի համակարգերին, տեխնիկայի պահեստներին և կործանիչների անգարներին», – պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարության մեջ նշել է Իրանի բանակը։

Նշվում է, որ «ԱՄԷ-ում գտնվող Ալ-Մինհադ ավիաբազայում ԱՄՆ բանակի ուժերի և ռադարային համակարգերի տեղակայման վայրերը նույնպես ենթարկվել են բանակի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակմանը»։

Քուվեյթի բանակը ավելի վաղ  հայտարարել էր, որ որսում և խոցում է Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

«Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը ներկայում դիմակայում են թշնամական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին՝ հետևելով Իրանի ագրեսիային»,- նշել էր  բանակը X-ում։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր, որ Թեհրանը հարվածներ է հասցնում Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին՝ «ի պատասխան ամերիկյան կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների»։ Քուվեյթի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ դրանք որակելով որպես իր ինքնիշխանության «բացահայտ խախտում» և սպառնալիք երկրի անվտանգությանը և կայունությանը։ Նախարարության հաղորդմամբ՝ հարձակումների հետևանքով թիրախավորվել են մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի համալիր, ինչը միջազգային իրավունքի խախտում է։

Այս վերջին  հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղիղ ռազմական գործողությունների մեկամսյա դադարը խախտվել էր  ԱՄՆ-ի կողմից Իրանի Լարաք կղզուն հասցված հարվածով։ Այդ հարվածին ի պատասխան՝ Իրանը Պարսից ծոցի ողջ տարածքում ուղիղ պատասխան հարվածների ալիք էր իրականացրել։  Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր Քուվեյթը  ամենահաճախ թիրախավորվող երկրներից մեկն է։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment