Արտահանման և մթերման փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև սեպտեմբերին (PAN.am)

Հայաստանից թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանմանը կամ վերամշակման նպատակով մթերմանն աջակցող միջոցառման շրջանակում փոխհատուցումները տրամադրվելու են նաև 2026 թվականի սեպտեմբերին, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի սեպտեմբերի ընթացքում Հայաստանից արտահանված թարմ պտղի, ինչպես նաև սննդամթերքի ու խմիչքի որոշ տեսակների համար տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրել սահմանված չափերով։

Խնձորի և տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի արտահանման համար նախատեսվում է 150-ական դրամ փոխհատուցում։ Սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար սահմանվել է 200 դրամ, խաղողի համար՝ 150 դրամ, իսկ թզի համար՝ 200 դրամ։

Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար նախատեսվել է 150 դրամ փոխհատուցում։

Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար տնտեսվարողները կստանան 350 դրամ, իսկ շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 200 դրամ փոխհատուցում։ Շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար նախատեսվել է 830 դրամ։

ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի արտահանման համար սահմանվել է 75 դրամ փոխհատուցում։ Միաժամանակ Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար փոխհատուցումը կազմելու է 150 դրամ։

Չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար նախատեսվում է 500 դրամ աջակցություն։ Իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի արտահանման դիմաց տրամադրվելու է 820 դրամ, իսկ թառափ տեսակի ձկան դեպքում՝ 1350 դրամ։

Աջակցություն է նախատեսվում նաև վերամշակման նպատակով մթերման համար։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի տարածքից մթերված դեղձի և Սյունիքի մարզից մթերված թզի համար ևս փոխհատուցում է տրամադրվելու։

Մասնավորապես, Սյունիքի մարզից մինչև 200 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար նախատեսվում է 125 դրամ փոխհատուցում։ Հայաստանի տարածքից վերամշակման նպատակով մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար ևս սահմանվել է 125 դրամ աջակցություն։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

Leave a comment