ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում ևս 50 դպրոց սեյսմակայուն կլինի (PAN.am)

Ասիական զարգացման բանկի Հայաստանում ևս 50 դպրոց սեյսմակայուն կլինի: «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով» նախատեսված աշխատանքների նախնական արժեքը կազմում է մոտ 366 միլիոն դոլար։

«Կառավարության կողմից համաֆինանսավորումը կկազմի 73 մլն դոլար, իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը՝ 293 մլն դոլար»,-ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում՝ ներկայացնելով ՀՀ և ԱԶԲ միջև համապատասխան վարկային համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, հայտնում է 1Lurer.am-ը:

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2016 թվականին մեկնարկել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում էր 46 դպրոցի կառուցման և ամրացման աշխատանքներ՝ մոտ 20 հազար աշակերտ շահառուով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդգրկել ցանկով սահմանված ևս 50 դպրոցի կառուցման աշխատանքները։ Վարկային միջոցներն ուղղվելու են նաև աղետների ռիսկերից պաշտպանության, դպրոցաշինության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։

Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագիրը հաջողությամբ է իրականացվում։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ ավարտված կլինեն առնվազն 303 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները։ Վարչապետը միաժամանակ հիշեցրել է, որ նախատեսվում է մեկնարկել ևս 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման երկրորդ ծրագիրը։

«Ընդհանուր առմամբ հաջող է ընթանում պրոցեսը, եթե չասեմ՝ լավ է ընթանում: Մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում ,ոտ 1000 դպրոց պետք է ունենալ, որպեսզի վստահ լինենք, որ ֆիզիկապես նորմալ ենթակառուցվածք է ստեղծվել ՀՀ-ում:

Leave a comment