Փաշինյանն առաջարկել է կառավարության նիստերում «կոնյակ» բառն օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ

Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել «կոնյակ» և «շամպայն» տերմինների օգտագործումը


ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել «կոնյակ» և «շամպայն» տերմինների օգտագործումը:

«Հաշվի առնելով վերջին շրջանի մեր քննարկումները` պետք է արդեն կառավարության նիստերում գոնե կոնյակ բառը սկսենք օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ։ Մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, ասում ենք՝ կոնյակ, շամպայն և այլն։ Պետք է սա սկսենք վերանայել», – ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նաև այն մասին, որ Հայաստանում չի կարող արտադրվել կոնյակ կամ շամպայն, այնպես, ինչպես Դիլիջան քաղաքում չեն կարող արտադրել «Ջերմուկ» հանքային ջուրը, քանի որ հայկական ընկերությունները «Կոնյակ» կամ «Շամպայն» աշխարհագրական անվանումներն օգտագործելու իրավունք չունեն։ Նա հավելել էր, որ հեղինակավոր միջազգային ընկերությունների ներկայացուցիչները բողոքել են իրեն Հայաստանում իրենց ալկոհոլային արտադրանքի կեղծման համար։

2023 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնել էին, որ ԵՄ-ից գործընկերների հետ համաձայնեցվել են բրենդը և աշխարհագրական անվանումը՝ Armenian brandy-ն, որը կփոխարինի «հայկական կոնյակ» հասկացությանը: Վերաբրենդավորման գործընթացն իրականացնելու համար ԵՄ-ն հայտարարել էր, որ Հայաստանին կհատկացնի 2,9 մլն եվրո։

Leave a comment