1000-ի շրջանակում պետք է նոր դպրոց ունենանք. որակի հետ առնչվող որևէ կոմպրոմիս մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. Փաշինյան

1000-ի շրջանակում պետք է նոր դպրոց ունենանք. որակի հետ առնչվող որևէ կոմպրոմիս մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երեկ մենք նորակառույց 5 դպրոցներ բացեցինք Երևանում, Արարատում, Արմավիրում և Արագածոտնում, պետք է ասել, որ այստեղ գործերն ընդհանուր առմամբ լավ են: Դպրոցներ այցելելուց առաջ էլ լարված չենք, արդեն վերադառնալիս էլ լարված չենք»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այցերի նպատակը նաև այն է, որ ամենափոքր թերություններն արձանագրեն. «Շատ կարևոր է արձանագրել, որ ծրագիրը հաջողությամբ ընթանում է: Մինչև տարեվերջ մենք կունենանք 303 դպրոցի շինարարության կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ավարտ: Երկրորդ 300 դպրոցն ենք մեկնարկում, բայց նաև առաջին 300-ին պետք է վերադառնանք: Մենք տեսնում ենք դպրոցներ, որոնք շատ լավ նորոգված են, բայց տեսնում ենք, որ դասարանները նեղ են, շատ դեպքերում դրանք նոր մասնաշենքեր ունենալու անհրաժեշտություն ունեն, որպեսզի երեխաներն ավելի լավ պայմաններում դասապրոցես իրականացնեն: Նոր 300-ն արդեն կիրականացնենք արդեն իսկ ձեռք բերած փորձի համաձայն, շատ ավելի բարձր որակով: Որակի հետ առնչվող որևէ կոմպրոմիս մեզ համար բացարձակապես ընդունելի չէ: Երկրորդ 300-ից հետո էլ է անհրաժեշտություն լինելու ծրագիրը շարունակել: 1000-ի շրջանակում պետք է նոր դպրոց ունենանք այս ծրագրերի արդյունքում: Երբ գնում եմ ինչ-որ բան քաշում եմ՝ պոկվում է, բացում եմ՝ չռում է, հարց է ծագում՝ ինձնից առաջ ոչ ոք չէ՞ր բացել, ինչու պետք է ես բացեմ ծորակն ու տեսնեմ, որ ջուրը չռում է, այստեղ նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա: Սկզբունքային է, որ որակի շարունակական բարելավումը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը»:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ նշեց. «Հարկային եկամուտները բավական բարձր տեմպերով առաջ են գնում: Հունվար-օգոստոսով ունենք 15 տոկոսանոց աճ, սա նշանակում է առաջանցիկություն ինչպես նախատեսված ծրագրից, նաև տնտեսությունից, ինչը խոսում է նաև ստվերի նվազման մասին: Նախորդ տարվա համեմատ 258 միլիարդ դրամով ավել հարկային եկամուտներ են հավաքագրվել»:

Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց հարկ վճարող քաղաքացիներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ թողարկող և ՀԴՄ պահանջող բոլոր քաղաքացիներին: Երբ մարդը տեսնում է, որ բնակավայրում տասնյակ տարիներով կամ երբեք դպրոց չի եղել, հիմա կա նորակառույց, ժամանակակից դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, կենսաթոշակ, հասկանում է, որ իր վճարած հարկերն իր ընտանեկան բյուջեն ավելի կարող դարձնելու միջոց է, սա մարդկանց մղում է ավելի մեծ պատասխանատվությամբ, տեղ-տեղ հաճույքով վճարել հարկերը»:

Leave a comment