Լավրովը վստահ է՝ ՀՀ-ն շուտով կվերանայի ԵՄ-ին անդամակցելու ձգտումը (PAN.am)

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը մոտ ժամանակներս այլևս չի ձգտի անդամակցել Եվրամիությանը։

«Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության հետևանքով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները շարունակում են, մեր սերբ բարեկամները, այժմ մեր հայ գործընկերները, ձգտում են անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ այդ ցանկությունը նրանց մոտ շատ շուտով կվերանա»,- Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել էր ԵՄ-ին անդամակցելու Երևանի մտադրությանը՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Միաժամանակ Փաշինյանն ավելի վաղ ընդունել է, որ միայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է անդամակցել ԵՄ-ին։ Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ են պաշտոնական հայտ, թեկնածուի կարգավիճակի ստացում, Եվրամիության երկրների համաձայնություն և Հայաստանի քաղաքացիների հավանություն։

Leave a comment