Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր հրապարակման հիմնական հարցին։ Ավելին՝ նրա բերած փաստարկները հիմնված են հենց այն պաշտոնական պատասխանի վրա, որը «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է նախարարությունից։ Նախարարի խոսնակն իր գրառման մեջ նշում է. «Իրականության մեջ, սակայն, որևէ նման խնդիր չկա, և մայրության նպաստների վճարումը տեղի է ունենում բնականոն և սահմանված ընթացակարգով»։

Նույն պատասխանում նախարարությունը հստակ գրում է. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարվում են հաշվարկման և նշանակման ամսվա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը)»։ Այսինքն՝ պետությունն ինքն է սահմանել վճարման կոնկրետ ժամկետ։ Հետևաբար, քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցը՝ այդ ժամկետից ուշացած վճարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, լիովին օրինաչափ հարց է։ Մեր հարցումն էլ հենց դա էր պարզաբանում։ Մենք նախարարությունից հարցրել էինք նպաստների վճարման ուշացումների պատճառների, հաշվարկի մեթոդների և ուշացումների վիճակագրության մասին։ Սակայն նախարարության պատասխանում չկա որևէ թիվ այն մասին, թե օրենքով սահմանված ժամկետից ուշ քանի վճարում է կատարվել։ Չկա նաև պատասխան այն մասին, թե քաղաքացիների դիմումներից քանիսն են վերաբերում իրական ուշացմանը, որքան է եղել ուշացման միջին տևողությունը, և արդյոք համակարգում արձանագրվել են տեխնիկական կամ վարչարարական խնդիրներ։ Փոխարենը նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիների դիմումների «մեծ մասի» ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Պաշտոնական պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դիմումների մեծ մասի դեպքում անձը չի ունեցել նպաստի իրավունք»։ Եվ ներկայացվում են այն դեպքերը, երբ նպաստ չի նշանակվում՝ չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելը, ինչպես նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց դեպքում՝ օրենքով նախատեսված սահմանափակումները։ Բայց այստեղ է խնդիրը։ Նպաստի իրավունք չունեցող անձանց դեպքերը և նպաստի իրավունք ունեցող անձանց վճարման ուշացումները նույն հարցը չեն։ Մեր հրապարակման մեջ մենք որևէ տեղ չենք պնդել, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը չի ստացել մայրության կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ, անպայման ունեցել է այդ նպաստի իրավունքը։ Մենք բարձրաձայնել ենք այն քաղաքացիների դժգոհությունները, որոնք պնդում են, որ իրենց նշանակված նպաստը ստացել են ուշացումով, և նախարարությունից պահանջել ենք պարզել՝ նման դեպքեր քանի՞սն են եղել և ինչո՞վ են պայմանավորված։ Իսկ նախարարության պաշտոնական պատասխանը այդ հարցին պատասխան չի տալիս։ Ավելին՝ նախարարության նույն պատասխանում հստակ նշվում է, որ նպաստների հաշվարկը հնարավոր է կատարել միայն այն դեպքում, երբ փակվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և հարկային մարմնի տեղեկատվական բազայից ստացվել են անհրաժեշտ եկամուտների վերաբերյալ տվյալները։ Այսինքն՝ նախարարությունն ինքն է ներկայացնում այն գործընթացը, որի ընթացքում պետք է ստացվեն տարբեր համակարգերից տվյալներ, կատարվի հաշվարկ և իրականացվի վճարում։ Բայց նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը այժմ հայտարարում է, թե «որևէ նման խնդիր չկա»՝ առանց ներկայացնելու որևէ վիճակագրություն, որը կհաստատի, որ օրենքով նախատեսված ժամկետների խախտման որևէ դեպք չի եղել։ Հետևաբար, հարցը մնում է նույնը. եթե որևէ ուշացում չի եղել, ինչո՞ւ նախարարությունը մեր հարցմանը չի ներկայացրել օրենքով սահմանված ժամկետից ուշ կատարված վճարումների թիվը՝ զրո դեպք նշելով։ Եթե նախարարության պնդմամբ բոլոր վճարումներն իրականացվում են սահմանված ժամկետներում, ապա դա ամենահեշտ ապացուցվող փաստերից մեկն է․ բավական էր ներկայացնել համապատասխան վիճակագրությունը։ Փոխարենը նախարարության պատասխանը ներկայացնում է նպաստի իրավունքի բացակայության դեպքերը, իսկ նախարարի խոսնակի հետագա հրապարակային գրառումը այդ պատասխանը ներկայացնում է այնպես, կարծես այն հերքում է վճարումների ուշացման վերաբերյալ քաղաքացիների բոլոր դժգոհությունները։

Չի հերքում։ Իրավունք չունենալը մի բան է, իսկ օրենքով նախատեսված ժամկետից ուշ վճարելը՝ մեկ այլ բան։ Եվ հենց երկրորդ հարցին նախարարությունը մեր հարցմանը պատշաճ պատասխան չի տվել։ Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը վերահաստատում է իր հրապարակման բովանդակությունը․ մենք չենք պնդել, որ բոլոր մայրության նպաստները չեն վճարվում, այլ բարձրաձայնել ենք քաղաքացիների կողմից ներկայացված ուշացումների մասին և պահանջել ենք պետական մարմնից պարզաբանել դրանց ծավալն ու պատճառները։ Մինչև նախարարությունը չներկայացնի օրենքով սահմանված ժամկետների խախտումների վերաբերյալ հստակ վիճակագրություն, նախարարի հայտարարությունը, թե «որևէ նման խնդիր չկա», մնում է չհիմնավորված պնդում։ Իսկ ամենակարևորը՝ մեր հրապարակման հիմքում դրված հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ թե նախարարի խոսնակի ֆեյսբուքյան գրառման, այլ նախարարության պաշտոնական պատասխանի մեջ։ Առաջիկայում կփորձենք ստանալ մեզ դժգոհած քաղաքացիների համաձայնությունը և կներկայացնենք հասցեական խնդիրներ, թե ինչպես ապագա մայրերը չեն ստացել կամ ուշացած են ստացել մայրության նպաստները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a comment