Երեկ Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Պուտինը հանդիպմանը նշել է․ «Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։ Իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։ Հարցրեք մարդկանց, թե ինչ են ուզում: Նրանք ընտրություն կկատարեն, և կփակենք թեման», – ասել է Պուտինը Փաշինյանին՝ խոսելով «ԵԱՏՄ, թե ԵՄ» հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու մասին։
Պուտինը հայտնեց նաև, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, որպեսզի նստեն և տարբեր հարցեր կետ առ կետ քննարկեն։
Ինչպե՞ս են Մոսկվայում գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպումը, արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, թե հանդիպումից հետո կավարտվեն վերջնականապես․ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։
«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի ապագայի, այսինքն՝ նրա աշխարհաքաղաքական ապագայի ընտրության և Հայաստանում հնչող հայտարարությունների, մասնավորապես Եվրամիության հետ աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ հայտարարությունների միջև որոշակի հակասություն կա այն ամենի հետ, ինչ նախատեսված է Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում։ Այն, ինչ ընդունված է Եվրասիական տնտեսական միությունում, վերաբերում է, մասնավորապես, միասնական մաքսային սահմաններին, մաքսային հայտարարագրերին, ներքին և արտաքին տնտեսական գործունեությանը։ Այսպիսով, այստեղ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի առաջնորդի և իշխող կուսակցության ցանկացած աշխարհաքաղաքական հայտարարություն ընկալվելու է որպես ապագային ուղղված գործողություն, այսինքն՝ որպես ռազմավարական քայլ։ Ինչքան ես գիտեմ, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության մասին ձևակերպումը վերացել է Հայաստանի պետական քաղաքականության փաստաթղթերից, և դա, հավանաբար, պահանջում է վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ, համապատասխանաբար, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ քայլեր կձեռնարկվեն, քանի որ նման գործողություններից հետո, իհարկե, համապատասխան որոշումներ կկայացվեն, որոնք աստիճանաբար կհանգեցնեն նրան, որ Հայաստանի հետ միջազգային հարաբերություններում կվերանան այն արտոնությունները և բարեկամական վերաբերմունքը, որոնցից Հայաստանը նախկինում օգտվում էր»,- ասաց Սապրիկան։
Ռուս քաղաքագետը նշեց, որ պետք է ուղղակիորեն հանրաքվե անցկացվի Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ։ Իհարկե, ամեն ինչ հայ ժողովրդի ձեռքում է։
«Խոսելով այն մասին, թե ինչ է կատարվում հիմա, մենք տեսնում ենք առևտրաշրջանառության հսկայական անկում։ Այս պահին Ռուսաստանի կողմից Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը սահմանափակելու իմաստ չկա, քանի որ, սկզբունքորեն, առևտրի և տնտեսական համագործակցության հարցերում անմիջականորեն աշխատելու այլ գործոններ և մեթոդներ կան։ Նախևառաջ, մենք տեսնում ենք, որ տարեսկզբից առևտրաշրջանառությունը նվազել է 30 տոկոսով, իսկ հիմա այն նույնիսկ ավելի ցածր է։ Եվ, իհարկե, սա մեծապես կազդի Հայաստանի ներքին տնտեսական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչները, հավանաբար, պետք է իրենց մոտեցումը հիմնեն իրական տնտեսական շահերի և այն գործընկերության վրա, որը պետք է գոյություն ունենա Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ապագայում»,- նշեց Սապրիկան։
Նա հավելեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Եվ, իհարկե, Հայաստանի ապագայի համար կարևոր է պահպանել այդ տնտեսական հնարավորությունները։
«Բայց մենք լավ հասկանում ենք, որ Փաշինյանի կաբինետի կողմից ձևավորված բազմավեկտոր քաղաքականությունն այլևս չի կարող աշխատել ներկայիս պայմաններում։ Եվ, իհարկե, առաջին հերթին, հաջորդ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի մասնակցության հարցը տարբեր կազմակերպություններում։ Խոսքը միայն Եվրասիական տնտեսական միության մասին չէ։ Մենք խոսում ենք նաև ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մասին, որոնց շրջանակներում Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այսպիսով, Եվրամիության օգտին հստակ ռազմավարական ընտրության դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել տնտեսական համագործակցությունից, և հատկապես՝ սոցիալական համագործակցությունից»,- ասաց նա։
Ռուս քաղաքագետը նկատեց․ «Ինձ թվում է, որ Հայաստանն ունի քաղաքակրթական ընտրության հնարավորություն։ Եվ երբ այն ընտրում է համագործակցությունը Ռուսաստանի հետ, բացվում են ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական զարգացման ամենամեծ հեռանկարները։ Բայց, ցավոք, այդ քաղաքական հայտարարություններն ու աշխարհաքաղաքական գործողությունները ցույց են տալիս, որ այս պահին Հայաստանը բարեկամական հարաբերություններ չի ցուցադրում Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանում ընդունվում ուկրաինական պատվիրակությունները, Ուկրաինայի նախագահը և այլն։ Այս դեպքում, իհարկե, մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը նման քայլերը, հատկապես բարեկամ երկրի կողմից, անընդունելի են։ Եվ, իհարկե, Ռուսաստանն այլընտրանք չունի, քան Հայաստանի վերաբերյալ նման աշխարհաքաղաքական հայտարարություններ անել։ Բայց ինձ թվում է, որ, չնայած այն հանգամանքին, որ մեր հարաբերությունները տնտեսապես կսառչեն, մենք դեռ կունենանք սոցիալական և բարեկամական կապեր։ Մենք գիտենք, թե որքան մեծ է Ռուսաստանում ապրող հայերի թիվը, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիների թիվը։ Այդ կապերը կմնան։ Բայց, իհարկե, տնտեսական համագործակցության համատեքստում հարաբերությունների սառեցում կլինի, և դա կազդի Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա»։