ՌԴ-ի հայտարարությունները սպառնալիք են, մենք այնտեղ ունենք պատանդ հայրենակիցներ և այստեղ՝ պատանդ տնտեսություն․ Ազատ Արշակյան

ՌԴ-ի հայտարարությունները սպառնալիք են, մենք այնտեղ ունենք պատանդ հայրենակիցներ և այստեղ՝ պատանդ տնտեսություն․ Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որպես գործընկեր՝ ՌԴ-ն ասում է, ասեք՝ երբ եք սկսելու ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, որպեսզի մենք էլ կողմնորոշվենք, իրենք էլ ծրագրեր ունեն: Ռուսաստանի հայտարարություններն իրականում սպառնալիք են և շանտաժ կա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

«Մեր տնտեսական շահերը պահանջում են, որ Հայաստանը կա՛մ անկախ լինի, կա՛մ ԵՄ-ի հետ: ՌԴ-ն, ելնելով իր գաղութարարական մոտիվացիայից, չի ուզում զրկվել Հայաստանից, ՀՀ-ն իր համար դոնոր է, ֆորպոստ, մանրադրամ, ամեն ինչ՝ բացի գործընկերոջից: Հայաստանը Ռուսաստանի հետ փոխշահավետ  հարաբերություններ չունի: Հայաստանն իրավունք ունի և՛ պետություն ունենալու, և՛ ինքնուրույն որոշելու՝ ում հետ ինչ հարաբերություններ ունենա, դա Ռուսաստանը նոր է հասկացել, հայտարարում է, բայց դրա հետ համաձայն չի: Ռուսաստանը հատուկ հարաբերություններ է ուզում ունենալ իր գաղութների, իր զավթած տարածքների ադմինիստրատիվ միավորումների հետ, այսինքն՝ ՌԴ-ն իրականում համաձայն չի, որ Հայաստանը լինի ինքնուրույն, հայ ժողովուրդն ինքը տնօրինի իր ճակատագիրը: Նիկոլ Փաշինյանը համաձայն չի, որ Հայաստանը լինի Ռուսաստանի գաղութը, ֆորպոստը»:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից հնարավոր նոր տնտեսական սահմանափակումներին՝ Ազատ Արշակյանը նշեց. «Ամեն ինչ, ինչ-որ մեզ անհրաժեշտ է, Ռուսաստանը կարող է օգտագործել, զենք դարձնել ցանկացած բան՝ ՀՀ-ին խոցելու համար, մենք այնտեղ ունենք պատանդ հայրենակիցներ և այստեղ ունենք պատանդ տնտեսություն, հարկավոր է պատրաստ լինել և հաղթահարել, հեշտ չի լինելու: Մենք պետք է ընտրենք՝ զոհաբերում ենք ինչ-որ բան հանուն ճորտության, թե՞ ազատության»:

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազան հայ ժողովրդի համաձայնության դեպքում ՀՀ-ից հանելուն՝ Արշակյանն ասաց. «Շատ դրական եմ վերաբերում այդ հայտարարությանը, բայց նա չպետք է այդպես հայտարարեր, պետք է ասեր՝ այսօրվանից տանում ենք ռազմաբազան: Նրանք՝ որպես օկուպացիոն բանակ, ներխուժել են Հայաստան, հիմա էլ ասում են՝ ուզում եք մնանք, թե՞ գնանք, դահիճը զոհին հարցնում է՝ ինչ անեմ հիմա»:

Leave a comment