ՀՀ Կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը․ Փաշինյան


Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ․


 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ:


 


Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.


 


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։


 


Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:


 


Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:


 


Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների:


 


Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։


 


Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.


 


«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով:


 


Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:


 


Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը:


 


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։


 

Leave a comment