Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը

Քաղաքականություն

01.09.2026 | 22:05

Լատվիայում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք ապրանքների ներմուծման արգելքը։ Սահմանափակումը վերաբերում է ոչ միայն ուղղակի ներմուծմանը, այլև երրորդ երկրներից այդ ապրանքների մատակարարմանը, գրում է Meduza-ն։

Արգելված ապրանքների ցանկում ներառվել են գրքեր, թերթեր և տպագիր այլ արտադրանք, հագուստ, պատրաստի տեքստիլ արտադրանք, կոշկեղեն, գլխարկներ, խաղալիքներ, խաղեր և սպորտային պարագաներ։

Նշվում է, որ ԵՄ մյուս երկրները չեն ենթարկվում Լատվիայի կողմից սահմանված սահմանափակումներին: Օրինակ՝ Ռուսաստանում կամ Բելառուսում արտադրված ապրանքների Լիտվայից Լատվիա ներմուծումը արգելված չէ: Բացի այդ՝ Ռուսաստանում և Բելառուսում արտադրված ապրանքների Լատվիայի տարածքով դեպի ԵՄ այլ երկրներ տարանցումը թույլատրվում է։

Լատվիայի կառավարությունում հայտարարել են, որ արգելքի նպատակն է պաշտպանել երկրի անվտանգության շահերը, նվազեցնել Ռուսաստանի և Բելառուսի՝ ապրանքների արտահանումից եկամուտներ ստանալու հնարավորությունները, ինչպես նաև սահմանափակել ռուսական քարոզչական նյութերի մուտքը Լատվիա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment