ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Սյունիք. «ԹՐԻՓՓ Հայաստան» էջի առաջին հաղորդագրությունը

Բաժանորդագրվել

Պաշտոնյաները նախատեսում են հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց դեպի Սյունիք։ Լուրը հրապարակվել է «ԹՐԻՓՓ Հայաստան / TRIPP Armenia» ֆեյսբուքյան էջում։

«Հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը»,– ասված է էջում հրապարակված առաջին գրառման մեջ։

Նշվում է, որ պաշտոնյաները նախատեսում են հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ԹՐԻՓՓ-ի միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Նախատեսվում է նաև այցելություն Մեղրիի մոտակայքում ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment