Դատարանը բավարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ), հայտնում է Աջապահյանի պաշտպանական թիմը:
Դատարանը կարգալույծ տեր Արամին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի մասին զրպարտությունը և 1 մլն դրամ վճարել:
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` էմին Աբգարյանի) վճռել է պարտավորեցնել պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող Հայկական ժամանակի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները:
Հերքման տեքստը պետք է լինի հետևյալը․ «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները:»։
«Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ»,-ասվում է հաղորդագրության մեջ: