Մեկամսյա հարաբերական անդորրից հետո Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների նոր ալիք է բարձրացել։ Օգոստոսի 30-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզում տեղակայված իրանական հրթիռային կայանքներին: Վաշինգտոնի պնդմամբ՝ գործողության նպատակն է եղել կանխել ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ճանապարհի նոր ականապատումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից:
Ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իորդանիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Իորդանական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է որսալ ութ հրթիռ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ սա «օրինաչափ պատասխան էր ամերիկա-սիոնիստական ագրեսիային»:
Այս բախումը տեղի է ունենում փետրվարի 28-ին սկսված պատերազմի վեցերորդ ամսում, երբ թվում էր, թե ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազում է։ Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփի վարչակազմը շեշտը դրել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման և ծովային շրջափակման վրա, ինչն արդեն հանգեցրել է Իրանում վառելիքի լուրջ ճգնաժամի:
Հորմուզի նեղուցում լարվածության նոր ալիքն անմիջապես արձագանք է գտել համաշխարհային շուկայում․ Brent տեսակի նավթի գինը կրկին հատել է 90 դոլարի սահմանագիծը: