Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի 40-ամյա քաղաքացու սպանության գործով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի: Տուժողի մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։
Վրաստանի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը սկսվել է սուպերմարկետում բռնկված կենցաղային վեճից: Քննության վարկածով՝ կասկածյալը վեճի ընթացքում սուր զենքով և բութ առարկայով մի քանի հարված է հասցրել տղամարդուն, որից հետո դիմել է փախուստի: Ստացած ծանր վնասվածքներից տուժածը տեղում մահացել է:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանցագործության կասկածանքով ձերբակալված անձը օտարերկրացի է, սակայն պաշտոնապես նրա քաղաքացիությունը չի նշել: Զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի հանդիսացող 60-ամյա տղամարդ է: Ոստիկաններին հաջողվել է կարճ ժամանակում նույնականացնել ու հայտնաբերել կասկածյալին, իսկ հանցագործության գործիքը բռնագրավվել է որպես իրեղեն ապացույց: