Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է․ Գալուզին

Քաղաքականություն

Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է․ Գալուզին

Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մատակարարումների նկատմամբ սահմանված սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը РИА Новости-ին տված հարցազրույցում։

Գալուզինը նշել է, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական միջոցներ հայկական գյուղմթերքի որոշ տեսակների՝ ռուսական շուկա մատակարարումների սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից սահմանված «պատժամիջոցներ»։

«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, իսկ իր պահանջները հայտնի են՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողություն և մատակարարումների հետագծելիության ապահովում։

Գալուզինը նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրներ կան։

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները կապել էր արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ։

Leave a comment