Մայքլ Օ’Ֆլահերթիի զեկույցում, մասնավորապես, ասվում է.
«Հանձնակատարը նշել է Հայաստանի բացառիկ համերաշխությունը եւ գործնական աջակցությունը Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերին։ Արտակարգ օգնության՝ կացարանի, սոցիալական ծառայությունների, ֆինանսական աջակցության եւ կրթական հնարավորությունների արագ մոբիլիզացումը արտացոլում է Հայաստանի հյուրընկալ վերաբերմունքը։ Մինչ երկիրն անցում է կատարում արտակարգ օգնությունից դեպի երկարաժամկետ ինտեգրում, Հանձնակատարն ընդգծում է առաջիկա մարտահրավերները՝ տնտեսական ինտեգրման ապահովումը, բնակարանային հնարավորությունների բարելավումը, անձը հաստատող եւ կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնումը եւ քաղաքացիության ապահովումը։
Հանձնակատարը ողջունում է իշխանությունների կողմից այդ խնդիրների ճանաչումը եւ աջակցության ծրագրերն առավել ներառական դարձնելու շարունակական ջանքերը՝ առաջնահերթություն տալով առավել խոցելի խմբերին։ Նա հորդորում է ՀՀ իշխանություններին ընդունել ինտեգրման համապարփակ եւ ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ տեղահանված անձանց, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Հանձնակատարը նաեւ հիշեցնում է, որ կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը առանցքային է մնում է ղարաբաղցի հայերի համար, եւ կոչ է անում իշխանություններին ապահովել, որ տեղահանված անձինք լինեն լիարժեք տեղեկացված եւ աջակցություն ստանան՝ իրենց ապագայի վերաբերյալ ազատ որոշումներ կայացնելու համար։ Նա ընդունում է այս հարցի զգայունությունը շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում եւ կոչ է անում շարունակել ջանքերը՝ ուղղված բոլոր տեղահանված անձանց իրավունքների հարգմանը եւ կարիքների բավարարմանը։
Ինտեգրման հաջողված ռազմավարությունը պետք է ներառական եւ համապարփակ լինի։ Չափազանց կարեւոր է, որ առավել խոցելիները, այդ թվում՝ երեխաները, տարեցները եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ուշադրությունից զրկված չմնան: Դա պահանջում է ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ մշակված քաղաքացիական հասարակության հետ գործընկերությամբ, որը կերաշխավորի ոչ միայն կացարան եւ աշխատանք, այլեւ յուրաքանչյուր անհատի՝ իր ապագայի ազատ եւ գիտակցված ընտրության իրավունքը»։