Nvidia-ն ցանկանում է 12.9 միլիարդ դոլարով գնել Hugging Face-ը

Nvidia-ն համաձայնության է եկել բաց կոդով Hugging Face հարթակը 12.9 միլիարդ դոլարով գնելու շուրջ: Այս մասին հայտնում է The Information-ը՝ վկայակոչելով գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրի։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Hugging Face-ի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել մեկ այլ պոտենցիալ գնորդ։

Business Insider-ը նույնպես հայտնել է, որ Nvidia-ն բանակցություններ է վարել Hugging Face-ի ձեռքբերման շուրջ։ Տեղեկացված աղբյուրներին հղում անելով՝ պարբերականը նախորդ շաբաթ գրել էր, որ Hugging Face-ն աշխատում է բանկի հետ՝ գնահատելու պոտենցիալ գնորդների հետաքրքրությունը ստարտափի նկատմամբ։

Եթե գործարքը կայանա, Nvidia-ի սեփականության տակ կհայտնվի բաց կոդով արհեստական բանականության մոդելների հետ աշխատելու համար աշխարհում ամենալայն կիրառվող հարթակներից մեկը, գրում է CNBC-ն։ Հոդվածի համաձայն՝ դա ավելի կընդլայնի չիպարտադրողի ներկայությունը ծրագրային ապահովման և արհեստական բանականության մոդելների էկոհամակարգում։

Nvidia-ն, որի տպավորիչ ֆինանսական արդյունքները, ըստ CNBC-ի հաշվարկների, շուկայի փակումից հետո կայացած առևտրի ընթացքում հանգեցրել են ընկերության բաժնետոմսերի 4% աճի, վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել։ Դրանց թվում է 20 միլիարդ դոլարի լիցենզավորման համաձայնագիրը Groq ստարտափի հետ, որը մշակում է արհեստական բանականության չիպեր:

Eonopolis Exponential Technologies հիմնադրամի կառավարիչ Սիդդի Ջոբը հայտարարել է, որ Nvidia-ի համար տրամաբանական է թիրախավորել Hugging Face-ի նման ընկերության, քանի որ Nvidia-ն հստակ ցույց է տվել, որ չի պատրաստվում տարբերություն դնել փակ և բաց կոդով մոդելների միջև։

«Ակնհայտ է, որ Nvidia-ն ցանկանում է ուղղահայաց ինտեգրվել տեխնոլոգիական ամբողջ շղթայում՝ էներգետիկայից մինչև հիմնարար մոդելներ և հավելվածներ», – CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ջոբը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment