Նախագիծը հնարավորություն է տալիս հետախուզման մեջ գտնվող և 27-37 տարեկան քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը հնարավորություն է տալիս հետախուզման մեջ գտնվող և 27-37 տարեկան քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս ժամկետով, 2-րդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, 3-րդ` ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, 4-րդ` ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ և 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետաբյուջե վճարել 15 մլն դրամ։
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել էր վիճակագրություն, ըստ որի՝ 1995 թ.-ին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի, սակայն 1999 թ.-ից հետո այդ թիվը շեշտակի աճել է՝ 2004թ.-ին անցնելով 12 հազարի սահմանը:
Նրա խոսքով՝ 2004-2019 թվականներին գործող օրենքից, որը թույլ էր տալիս յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար վճարել 100 հազար դրամ, 15 տարվա ընթացքում օգտվել է 10,656 քաղաքացի։
Պատգամավորը հիշեցրել էր, որ դեռ 2019թ.-ին ինքն առաջարկում էր այլ նախագիծ (1 ամիս ծառայություն և 10 մլն դրամ վճար), որն այն ժամանակ մերժվեց՝ որակվելով որպես «փողի դիմաց ծառայությունից ազատվելու խայտառակ օրենք»։