Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.08.2026 | 17:46

Վճռականորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան դիմաց անհայտ անձանց կողմից մեր երկրի դեմ ուղղված սադրիչ բնույթի պատկերների տեղադրումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Չի բացառվում, այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու փորձից, Ադրբեջանի դեմ վերջերս մի շարք ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող կեղտոտ և կողմնակալ արշավի մաս է կազմում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ նման սադրիչ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալ, ապահովել միջադեպի համապարփակ հետաքննությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը լիովին կկատարի իր պարտավորությունները՝ համաձայն 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայի՝ Ադրբեջանի դեսպանատան և նրա աշխատակիցների համար անվտանգության բավարար մակարդակ ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ​​առաքելության բնականոն գործունեությանը խոչընդոտող ցանկացած սադրիչ գործողություն կանխելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հավելենք, որ Ազգային-բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչներն ակցիա էին անցկացրել դեսպանատան հյուրատան  մոտ ու փակցրել «Ռուսական արյունը ձեր ձեռքերի վրա է», «Ձեռքերը հեռու ռուս քաղաքացիներից» և «Պետական ​​անվտանգության ծառայությունը խոշտանգում է, Ալիևը թաքցնում է» գրառմամբ երեք պաստառ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment