Օգոստոսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհված զինծառայող Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում, որ դեպքը պարզապես ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։
Պաշտպանության նախարարության նախնական հաղորդագրության համաձայն՝ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ 19-ամյա Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Սակայն Սուրեն Վարդանյանի ընտանիքը կասկածներ ունի պաշտոնական վարկածի վերաբերյալ։ Վարդանյանների հարևանուհին՝ Անի Գևորգյանը, MediaHub-ին ասաց, որ Սուրենի մայրը՝ տիկին Արմենուհին, այս պահին ի վիճակի չէ խոսել, սակայն ընտանիքը չի ընդունում դեպքի վերաբերյալ իրենց փոխանցված նախնական տեղեկությունները։
«Ասում են՝ տղերքը հակագազով չեն եղել, բայց ականատեսներն ասել են, որ հակագազով են եղել։ Հակառակ դեպքում կտեսնեին
իրենց մոտեցող բեռնատարը։ Հակագազով ոչ՛ նորմալ երևում է, ո՛չ էլ լսվում։ Արդեն 8 օր է անցել, բայց դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն ծնողներին»,- ասաց Անին։
Սուրեն Վարդանյանը Ձորաղբյուրից էր։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա հուլիսի 22-ին՝ դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ մեկ տարով տարկետում էր ստացել՝ սրտի հետ կապված առողջական խնդիրների պատճառով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ բանակ էր զորակոչվել նաև ֆիզիկական որոշակի սահմանափակումներով։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է «ԳԱԶ-53»-ի վարորդը՝ Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման հատկանիշներով։
Օգոստոսի 26-ին Քննչական կոմիտեն հայտնել է նաև մեկ այլ անձի ձերբակալության մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանությունը չարաշահելու հատկանիշներով։ ՔԿ-ն նրա անունը պաշտոնապես չի հրապարակել։ Սուրեն Վարդանյանի հարևանուհու փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, ձերբակալվածը Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետն է։
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա զինվորներին որպես պատիժ ստիպել է երեկոյան վազել Ճամբարակ-Վահան ճանապարհին, ինչի ընթացքում էլ տեղի է ունեցել վրաերթը»,- ասաց Անի Գևորգյանը։
Այս տեղեկությունը, սակայն, դեռևս պետք է հաստատվի նախաքննությամբ։ Իրավապահ մարմինները պետք է պարզեն նաև՝ ինչ հանգամանքներում են զինծառայողները հայտնվել ճանապարհին, արդյոք նրանց նկատմամբ կիրառվել է որևէ պատժիչ գործողություն, օգտագործե՞լ են հակագազեր, և արդյոք այդ հանգամանքը որևէ կերպ առնչություն ունի տեղի ունեցած ողբերգության հետ։
Սուրենի մահվան դեպքը տեղի է ունեցել բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մի շարք մահերից հետո։ Միայն օգոստոսին ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահվան առնվազն 4 դեպք է արձանագրվել։