Այսօր բանակում չի կարող լինել մեկը, ով ասի՝ ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ գնահատվում. Պապիկյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց երբ խոսում եք հավասարությունից, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքին, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան գումար ստանան»,- ԱԺ նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով՝ չեն կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով նայել. «Այսօր բանակում չի կարող լինել մեկը, ով ասի՝ ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ գնահատվում, չեմ վարձատրվում՝ նման բան չկա»:
Անդրադառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրին՝ նախարարն ասաց. «Այս ծրագիրը դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան, սա մի ուրույն միավոր է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը: Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ»: