Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել

Հասարակություն

27.08.2026 | 10:19

Գլխավոր դատախազի որոշումներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության աշխատակիցը ստացել է «նկատողություն», իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցը՝ «խիստ նկատողություն»։ Կարգապահական վարույթներով արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ և դատախազի վարքագծի ու ներքին կարգապահական կանոնների խախտումներ։

«2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ, մեկ այլ դեպքով հաստատվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի պահպանել դատախազի վարքագծի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment