Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանակում վերջին շրջանում արձանագրվող մահվան դեպքերից հետո միայն քննությունը բավարար չէ․ նրա խոսքով՝ անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։

«Այնպես չէ, որ բանակը չգիտի՝ պրոբլեմները որտեղ փնտրի և ինչ մակարդակում լուծումներ տա»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ զինծառայողների շրջանում նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է ավելի վաղ նկատել խնդիրները։

Նրա խոսքով՝ հրամանատարը չպետք է միայն հրաման տվող լինի, այլ պետք է տեղյակ լինի զինվորի հոգեբանական վիճակից և խնդիրներից, իսկ զինվորի արժանապատվությունը չպետք է ոտնահարվի։

Քոչարյանի գնահատմամբ՝ բանակում կա նաև հրամկազմի պակաս։ Նա նշեց, որ խնդիրը միայն քանակական չէ, այլև որակական։

«Նախարար Պապիկյանը ռեֆորմների առումով մաքսիմալ անշրջելի պրոցեսներ է սկսել, բայց այդ պրոցեսները չեն ավարտվել։ Իհարկե, պատասխանատու են բոլորը, նաև նախարարը կարող է պատասխանատվություն կրել մահերի համար»,- ասաց Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավորը անդրադարձավ նաև Հոկտեմբերի 27-ի գործին՝ հայտարարելով, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է բարձրացնել այդ գործի վերաբերյալ, իր խոսքով, շատ կարևոր հարց։

Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման կարևոր բանալիներից մեկը կարող է լինել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը։

«Որտե՞ղ է Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ձայնագրությունը»,- ասաց պատգամավորը։

Նա պնդեց, որ նման հանդիպումը պետք է ձայնագրված և տեսագրված լիներ։

«Չի կարող այդպես լինել: Ոչ մեկին չի կարող համոզել, որ դա չի եղել»,- ասաց նա։

Քոչարյանը նաև նշեց, որ իր համոզմամբ՝ Հունանյանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ զենք է ունեցել։

«Այդ զրույցը ինչի՞ շուրջ է եղել և ինչո՞ւ Նաիրի Հունանյանը դրանից հետո որոշեց զենքը վայր դնել: Ընդ որում, ես համոզված եմ, որ զենքը հետն է եղել, երբ որ գնացել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման: Էդ ո՞վ է թույլ տվել: Էդ ի՞նչ վստահություն էր: Բա հարցեր են, չէ՞: Այդ հարցերի պատասխանը պետք է գտնենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական պատգամավորը նաև հավելեց, որ դեռ կան վկաներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment