Ի՞նչով է հայտնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Սարգիս Դադոյանը

Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը կքննի այսօր, ժամը 20։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։

Ըստ դատավորների վարկանիշավորման՝ helpcourt.am կայքի, դատավորի վարկանիշը 27 է։

Սարգիս Դադոյանը 2013- 2014թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, 2018- 2019թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ, 2020-2022 թթ․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ, 2022թ. օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Դադոյանը հատկապես հայտնի է նախկին պաշտոնյաների ու քաղաքականապես զգայուն համարվող գործերով կայացրած որոշումներով, մասնավորապես՝ Մամիկոն Ասլանյանի և Արմեն Աշոտյանի, Աղվան Հոսվեփյանի գործերով։

2023 թվականի հունիսին Դադոյանը որոշեց Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորել։ Աշոտյանը մեղադրվում էր ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի գործի շրջանակում՝ վատնում կազմակերպելու և իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ։

2026-ի օգոստոսի 24-ին Դադոյանը այս գործով ինքնաբացարկ է հայտնել։

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը ևս Դադոյանի ամենահայտնի գործերից է։

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման տարիներին Վանաձորի հողերի օտարման հետ կապված՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ։

2024-ի ապրիլին Դադոյանը մերժեց Ասլանյանի կալանքը վերացնելու միջնորդությունը, այսինքն՝ Ասլանյանը շարունակեց մնալ կալանքի տակ։

Ավելի ուշ՝ 2024-ի հուլիսին, դատարանը փոխեց խափանման միջոցը, և Ասլանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Դադոյանի վարույթում է եղել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը։

Սա բարձր հանրային հետաքրքրություն ունեցող գործ էր, քանի որ Հովսեփյանը մեղադրվում էր կոռուպցիոն բնույթի ծանր արարքների և ապօրինի գույքի հետ կապված գործողությունների մեջ։

Leave a comment