Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, Քոչարյանին ձերբակալման նոր որոշում են հանձնել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, հայտնում է Factor TV-ն` Հակակոռուպցիոն կոմիտեին հղումով։

Օգոստոսի 25-ին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները նույն քրեական վարույթի շրջանակում գտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել և տեղափոխվել է քննչական մարմին, մինչդեռ Սերժ Սարգսյանը հրավիրվել է այնտեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել բժշկական կենտրոնում, նրա ձերբակալման 24-ժամյա ժամկետը լրանալուց հետո իրավապահները Քոչարյանին են հանձնել ձերբակալման նոր որոշում, հայտնում են Factor TV-ի աղբյուրներն իրավապահ համակարգում։

Նոր որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքերին։ ՀՀ երրորդ նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ գործի նյութերը ստանալուց հետո կարող է խոսել իրեն ներկայացված մեղադրանքի մասին։

Leave a comment