ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը՝ ներգաղթային քաղաքականության խստացման շարունակվող արշավի շրջանակում։ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն օգոստոսի 25-ին, հայտարարել է, որ գերատեսչությունը սկսել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցների ուսուցումը և այդ միջոցառումներին համապատասխան՝ կվերանայվի ընդունելությունների ժամանակացույցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի ներկայացրել ուսուցման մանրամասներն ու ժամկետները՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ գործընթացը նպատակ ունի օգնել հյուպատոսական աշխատակիցներին՝ զտել այն դիմորդներին, որոնք կարող են կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ պետական նպաստներից, ինչպես նաև ապահովել վիզայի դիմորդների «համակողմանի և հետևողական» գնահատումը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ներգաղթային վիզաների համար նախատեսված հարցազրույցների հանդիպման օր ունեցող դիմորդներն էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ իրենց հանդիպումները հետաձգվում են, իսկ նոր ամսաթվի մասին կտեղեկացվեն ավելի ուշ։
Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ որպես խտրական և խոսքի ազատության ու պատշաճ դատավարության իրավունքները ոտնահարող: Իրավապաշտպանների կարծիքով՝ միջոցառումները նաև անապահով միջավայր են ստեղծել ԱՄՆ-ում, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների համար: Վարչակազմը նաև դժվարացրել է օրինական ներգաղթը, օրինակ՝ աշխատանքային վիզաների համար որոշ դիմողների համար թանկարժեք նոր վճարներ սահմանելով, նշում է Reuters-ը:
Թրամփը արտաքսումների ագրեսիվ արշավ է վարում և խստացնում է ներգաղթի վերահսկողությունը, ներառյալ՝ վիզաների և գրին քարտերի չեղարկումը, ինչպես նաև դիմումների մերժումը տարբեր պատճառներով, ինչպիսիք են քաղաքական հայացքները և պաղեստինամետ բողոքի ցույցերին մասնակցությունը: Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այս միջոցառումներն ուղղված են ներքին անվտանգության ամրապնդմանը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղարկել էր ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ անորոշ ժամկետով դադարեցնել 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը։ Որոշումն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին։
«Դատարանը կարծում է, որ նման քաղաքականությունը հակասում է օրենքին և ընդունվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունները գերազանցելով։ Այդ պատճառով այս որոշումը չեղարկվում է՝ Վարչական ընթացակարգերի մասին օրենքի (Administrative Procedure Act, APA) համաձայն»,- ասվում էր դատավոր Ջանեթ Վարգասի որոշման մեջ։
Վարգասը նաև չեղարկել էր ԱՄՆ վիզաների տրամադրման բոլոր մերժումները, որոնք հիմնված էին բացառապես ամերիկյան իշխանությունների վերոնշյալ որոշման վրա։ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի այս որոշումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի