Քաղաքականություն
26.08.2026 | 12:40
Առնվազն 14 նորածին է մահացել Պակիստանի պետական հիվանդանոցներից մեկի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով, գրում է The Guardian-ը։
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի վաղ առավոտյան և տարածվել Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (PIMS) ծննդատան բաժանմունքում։ Այն Իսլամաբադում ամենամեծ պետական հիվանդանոցն է։ Աշխատակազմը հայտարարությամբ հաստատել է, որ հրդեհի հետևանքով մահացել է 14 նորածին։
Հիվանդանոցի խոսնակ Անիզա Ջալիլը Dawn պարբերականին ասել է, որ այդ պահին բաժանմունքում 15 երեխա է եղել, «մեկ երեխայի փրկել է բժիշկը»։ Նոր ծննդաբերած կանայք ստիպված են եղել մի քանի հարկ վազել աստիճաններով՝ տարհանվելու համար։
Առողջապահության նախարար Մուստաֆա Քամալը նշել է, որ թթվածնային բալոնները սրել են հրդեհը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հանձնարարել է իշխանություններին անհապաղ հետաքննություն անցկացնել միջադեպի առնչությամբ, որը վերջին տարիներին հիվանդանոցներում տեղի ունեցած ամենամահաբեր հրդեհներից մեկն է։
«Երեխաների հետ կապված նման իրավիճակն անդառնալի է։ Պետք է բացահայտել պատասխանատուներին և նրանց նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները»,- ասել է նա։
Պակիստանում խոշոր շենքերում, այդ թվում՝ գործարաններում և առևտրի կենտրոններում, հրդեհներ հաճախակի են տեղի ունենում՝ անվտանգության ոչ պատշաճ կանոնների և շինարարական նորմերի վատ պահպանման պատճառով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի