Կոտայքի մարզի դատախազությունը օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումներ է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի գործարքներն ու աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։
Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ առաջին հայցով դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքին վերաբերող 2015 թվականի հոկտեմբերի 4-ի աճուրդը։ Խոսքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա՝ 3,5 հա մակերեսով հողամասի մասին է։ Դատախազությունը նաև պահանջել է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը, որով անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվել է որպես ոչ դրամային ավանդ։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։
Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։ «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է որևէ գործողություն կատարել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ։
Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքին վերաբերող՝ 2003 թվականի հունվարի 26-ին անցկացված 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Պահանջ է ներկայացվել նաև անվավեր ճանաչելու Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ այս հայցադիմումը ևս ընդունել է վարույթ։
Նույն օրը դատարանը բավարարել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։