Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն մինչև 60 օր․ Իրանի ԱԳՆ

Կոնկրետ պայմանավորվածությունները Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կդառնան Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Մենք 30-ից 60 օր տևողությամբ բանակցություններ կանցկացնենք Հորմուզի նեղուցի կառավարման հետագա պայմանավորվածությունների վերաբերյալ», – նշել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կողմերը «պետք է համաձայնության գան Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մշտական երթուղու շուրջ»։

Ինչպես պարզաբանել է Ղարիբաբադին, «երկկողմ համաձայնության համաձայն՝ Պարսից ծոց մուտքն իրականացվելու է Իրանի ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով։ Երկու երթուղիների դեպքում էլ նավերը անցնելու են Իրանի տարածքային ջրերով»։ Համաձայնեցված տարանցիկ երթուղու լայնությունը, նրա խոսքով, կազմում է 7 մղոն։

«ԱՄՆ-ը և մյուս երկրները պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը բաց չի լինի այլ կերպ, քան Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն», – նշել է նա։

Իրանցի դիվանագետը նաև հաստատել է, որ, իր խոսքով, «Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը լիովին վերահսկում է այն։ Նավերի՝ դրա միջով անցնելու վերաբերյալ հայտարարությունները անհիմն են»։

Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նեղուցը ականազերծվել է։ «Այս հայտարարությունները պարզապես դատարկ խոսքեր են», – եզրափակել է Ղարիբաբադին։

Leave a comment