ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարությունը հնգամյա այս ծրագրով, ի թիվ այլ հարցերի, մտադիր է պաշտոնականացնել խաղաղությունը Ադրբեջանի հետ, բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 63 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։

«Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ծրագիրը ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։ Ծրագրի հատկապես այս հատվածը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։

ՀՀ կառավարությունը հնգամյա այս ծրագրով մտադիր է պաշտոնականացնել խաղաղությունը Ադրբեջանի հետ, բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, զարգացնել ռազմավարական կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բազմակողմանի կապերը Ռուսաստանի հետ։

Արտաքին քաղաքականության բաժնում նշվում է, որ կառավարությունը կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացման (այսինքն՝ խաղաղության պայմանագրի և այլ իրավական ակտերի ստորագրման) ուղղությամբ, ինչպես նաև ակտիվացնել երկու երկրների քաղաքացիական հասարակության և գործարար համայնքների միջև շփումները։

Կառավարությունը մտադիր է նաև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմանը՝ առնվազն երկու անցակետերով, ինչպես նաև վերագործարկել էներգետիկ ենթակառուցվածքները։

ԱՄՆ–ի մասով նախատեսվում է իրականացնել TRIPP նախագիծը առնվազն երկաթուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսին երկու կառավարությունների միջև ստորագրված հուշագրերի վրա: Հատուկ նշվում է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացման և որակական նոր մակարդակի բարձրացնելու մասին։

Կառավարության ծրագրում նաև խոսվում է խաղաղության նոր պայմաններում Ռուսաստանի հետ բազմոլորտ ու փոխշահավետ գործընկերության (որը ռազմավարական չի որակվել) վերափոխման և խորացման մասին տարածաշրջանում: Եվրասիական միության վերաբերյալ ընդգծվում է միության հիմնարար սկզբունքների, այսինքն՝ կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը օգոստոսի 24-ին ու 25-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment