ՀՀ երկրորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ, ենթադրվում է, որ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան»,-նշել է փաստաբանը։
Factor TV-ի աղբյուրները հայտնել են, որ Քոչարյանին շտապօգնության մեքենայով բժշկական կենտրոն են տեղափոխել։
Շտապօգնության մեքենան ժամանել և կայանել է Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմացի հատվածում, որտեղ ոստիկաններն արգելել են լրագրողների մուտքը։
Հակակոռուպցիոն կոմիտեի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվել է հայտնել նույնիսկ, թե շտապօգնության մեքենան ում համար է ժամանել՝ դա համարելով անձի առողջական վիճակին վերաբերող և հրապարակման ոչ ենթակա տվյալ։
Իր հերթին, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, ձերբակալել են դատարան կալանքի տանելու նպատակով։
Ձերբակալման այս ռեժիմի դեպքում անձն անազատության մեջ կարող է մնալ առավելագույնը 24 ժամ։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այդ ժամկետի ավարտը Քոչարյանը կալանքի հարցով կներկայացվի դատարան։
Իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում Քոչարյաններին պատկանող տարածքներում։ Գործի շրջանակում Քոչարյաններից բացի, ևս չորս ձերբակալված կա։