ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցություն չի իրականացվում, սակայն Երևանի հետ ոլորտային համագործակցությունը պահպանվել է երկկողմ հիմքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ներկա պահին ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխգործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների համար նախատեսված արտոնյալ պայմանները տարածվո՞ւմ են Երևանի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վարչության տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան ոլորտում համագործակցությունը շարունակվել է երկկողմ հիմքով։
«Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը, ի թիվս այլնի, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել է, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է լինելու կոնսենսուս։ Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը Մոսկվայում անցկացվելու է նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, քննարկելու են նաև այդ հարցը։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։