Քաղաքականություն
25.08.2026 | 12:19
Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին իրենց հայտարարություններով Ուկրաինայի իշխանությունները փորձում են «գաղափարապես անկայունացնել մեր երկրում իրավիճակը»։ Այս մասին RTVI-ին տված մեկնաբանությունում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Meduza-ն։
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումներին և արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները քննարկում են որևէ սցենար, որը ենթադրում է դրա հայտարարումը։
«Ուկրաինայի իշխանություններն են այդ լուրերը տարածում։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Սրանք բոլորը պարզապես տեղեկատվական կեղծիքներ են, որոնք դիտավորյալ նետվում են տեղեկատվական դաշտ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից ևս մեկ զորահավաք հայտարարելու մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին, ի թիվս այլ բաների, հաղորդել են Meduza-ի աղբյուրները և արևմտյան լրատվամիջոցները, այդ մասին պարբերաբար խոսվում է Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են աշնանը մոբիլիզացնել մինչև 300,000 մարդու։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են զորահավաքի ցանկացած ծրագիր։
2022 թվականի սեպտեմբերին սկսված «մասնակի զորահավաքից» առաջ Դմիտրի Պեսկովը նույնպես հերքել էր դրա անցկացման ցանկացած ծրագիր։ Սեպտեմբերի 13-ին նա հայտարարել էր, որ զորահավաքի մասին «ներկայում» խոսք չկա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի