«Ազատեք բնակարանը, ռուսները պատրաստ են ավելի թանկ վճարել»․ Հայաստանում բնակարանների գները հասել են ռեկորդի

Բնակարանների վարձավճարների անընդհատ թանկացումը գնալով ավելի մեծ ճնշում է ստեղծում հազարավոր ընտանիքների համար։

Խնդիրը հատկապես ծանր է վարձակալության հիմունքներով ապրող մեր հայրենակիցների համար, ավելի ծանր՝ բռնի տեղահանված արցախցիների համար։ Խնդիրը բարձրացվում է ամեն օր՝ սոցիալական տարբեր հարթակներում, սակայն, շուկան շարունակվում է մնալ անվերահսկելի։

«Ռուսաստանից Հայաստան են գալիս հազարավոր մարդիկ՝ խուսափելով պատերազմից, եւ այնտեղ օրեցօր հասունացող ճգնաժամային իրավիճակից։ Ըստ այդմ, բրոքերները՝ տանտերերի հետ փոխհամաձայնությամբ բարձրացնում են բնակվարձերը՝ դրանք հասցնելով աստղաբաշխական գների։ Օրինակ, Աջափնյակում 39քմ մակերես ունեցող բնակարանը տրվում է վարձով 220 հազար դրամով։ Էս ու՞ր ենք հասել»,- MediaHub-ին ասում է Էրեբունի վարչական շրջանում վարձակալությամբ ապրող Տաթեւիկ Շմավոնյանը։

Տանտերը որոշել է բարձրացնել վարձավճարը եւս 20 հազար դրամով։ «Ասում ՝ «եթե ձեռք չի տալիս՝ ազատեք բնակարանը, ռուսները պատրաստ են ավելի թանկ վճարել»։ Եթե շուկան տեր ունենար եւ վերահսկվեր ամեն ինչ, պատկերն այսպիսին չէր լինի»,- ասում է Տաթեւիկը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ավելի ցավալի է Արցախից տեղահանվածների սոցիալական վիճակը։ Սակայն, խոսքը միայն արցախցիների մասին չէ։

«Մեր նման բնակարան վարձակալող բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում նույնպես այսօր հայտնվել են դժվար իրավիճակում։ Վարձավճարների բարձրացման հետևանքով ընտանիքները ստիպված են իրենց ամսական եկամտի մեծ մասը տրամադրել բնակարանին՝ հաճախ ստիպված լինելով խնայել ամենաանհրաժեշտ ծախսերի հաշվին։ Ոմանք էլ կանգնում են արդեն վարձակալած բնակարանից հեռանալու և ավելի մատչելի տարբերակ փնտրելու խնդրի առաջ»,- ասաց նա։

Այս մասին բազմիցս խոսվել է, սակայն միայն բարձրաձայնելը բավարար չէ։ Եթե խնդիրը վերաբերում է հազարավոր ընտանիքների, այն պետք է դիտարկել որպես սոցիալական կարևոր հարց և ոչ թե առանձին ընտանիքների անձնական դժվարություն։

«Անընդհատ աճող վարձավճարների պայմաններում անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել իրավիճակը, այլ նաեւ պահանջել հստակ և գործուն լուծումներ։ Դրա համար, առաջին հերթին, պետք է ձեւավորվի հասարակական միասնական պահանջ»,- առաջարկում է Տաթեւիկը։

Հունան Թադեւոսյան

Leave a comment